հայրենագիտական նախագիծ(մեր գյուղը)

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։

Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։

Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ՝ նշանակում է կաղնի: Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ՝ Առինջ, Բագառինջ, Ալվառինջ, Հառիճ, Սնկառիճ և այլն)։ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы